Այս տարի Երևանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ է ընդունվել 186 դիմորդ, իսկ 40-ը դուրս է մնացել: Ինչպես այսօր «Սլաք» մամուլի ակումբում կայացած ասուլիսում տեղեկացրեց ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանը, քննություններն անցել են բարձր մակարդակով:
Ի դեպ, այս տարի ինստիտուտում նոր առարկաներ ուսումնասիրող կուրսեր են բացվել, որոնցից են մուլտանիմացիան, 3D անիմացիան, խաղարկային ֆիլմերը և այլն:
«Ինստիտուտում դիմորդների պակաս չի եղել, սակայն թատերագիտություն և կինոգիտություն բաժիններում եղել են քիչ թվով դիմորդներ: Դա գալիս է նրանից, որ մարդիկ չեն գալիս արվեստ սովորելու, գիտությամբ չեն ցանկանում զբաղվել»,- նշեց Արմեն Մազմանյանը:
Անդրադառնալով սերիալներում հանդես եկող ոչ պրոֆեսիոնալ դերասաններին, Մազմանյանն ընդգծեց, որ իր ուսանողներին թույլ է տալիս խաղալ սերիալներում միայն 3-րդ կուրսի առաջին կիսամյակից հետո:
«Երբ իմ ուսանողները վատ դերեր են խաղում այդ վատ սերիալներում, ես չեմ ամաչում, որովհետեւ նրանք դա անում են գոնե պրոֆեսիոնալ, իրենք դա անում են ստիպված, որովհետեւ հանապազօրյա հաց է պետք վաստակել, նրանց խաղով սերիալը չի դառնում այն, ինչ պետք է դառնա»,- նշեց Մազմանյանը:
Ռեկտորի դիտարկմամբ, հեռուստատեսությունների տնօրենները չեն ցանկանում մի քիչ ավել վճարել եւ պրոֆեսիոնալ դերասան բերել, այդ պատճառով էլ 5000 դրամով խաղացող դերասանի են բերում, ուստիև սերիալների որակը չի փոխվում:
Իսկ ահա իրենք պայքարում են որակի համար, որպեսզի դիլետանտները դուրս մնան դաշտից, որպեսզի չունենանք վատ հեռուստաեթեր, գովազդ, սերիալներ, «Այլապես ինչքա՞ն կարելի է տեսնել Կրայսլերի վրա նստած երգչուհի հայրենիքի կամ զինվորի մասին երգելիս»,- ցավով նշեց ռեկտորը:
Lrahos.net կամ armBoBo-ի նոր նախագիծը armBoBo-ն մշակել է նոր նախագիծ, ըստ որի նախկին բլոգը կվերածվի լրահոսի:



